Կիլիկիայի հայկական պետությունը

իլիկիայի հայկական պետութունը միջնադարյան ավատատիրական պետություն էր 1080–1375 թթ-ին` Փոքր Ասիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովափի հյուսիսարևելյան անկյունում: Անվանվել է նաև Կիլիկիա, Կիլիկյան Հայաստան, Հայոց Կիլիկիա, Սիսուան, Հայաստան Փոքր, Հայոց աշխարհ:
Ապրել է զարգացման 2 փուլ՝ Մեծ իշխանապետություն (1080–1198 թթ.) և թագավորություն (1198–1375 թթ.):
Կիլիկիայի բնաշխարհը բաժանվում է Դաշտային Կիլիկիա և Լեռնային Կիլիկիա հատվածների: Հայկական աղբյուրներում Կիլիկյան Հայաստանի հյուսիսարևելյան շրջանը կոչվում է Լեռնային Կիլիկիա կամ Գահ Կիլիկիո, հարավարևելյան ծովամերձ շրջանը՝ Դաշտային Կիլիկիա, արևմտյան շրջանը՝ Քարուտ Կիլիկիա:
Տավրոսի լեռնաշղթան, հյուսիս-արևմուտքից ձգվելով հարավ-արևելք՝ մինչև Անտիտավրոսի ճյուղերը, Կիլիկիան պատնեշում էր փոքրասիական երկրներից: Միջերկրականի ջրերը շուրջ 500 կմ երկարությամբ հարավից ողողում են Կիլիկիայի ափերը: Կիլիկիայով հոսող բազմաթիվ գետերից նշանավոր են Պիռամոսը (Ջահան, Ջիհուն), Սարոսը (Սիհուն), Կյուդնոսը (Տարսուսչայ), Կալիկադնոսը (Սելևկիա), Լամոսը (Լամաս): Սկզբնավորվելով լեռներից և ոռոգելով երկրի դաշտերն ու անդաստանները՝ այդ գետերը թափվում են Միջերկրական ծովը:
Հռոմեացի Յուստինոս պատմիչը վկայում է, որ մ. թ. ա. 83 թ-ին Հայոց Տիգրան Բ Մեծ թագավորը Դաշտային Կիլիկիան միացրել է իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցել է նրա դաշնակից Միհրդատ VI Պոնտացուն: Մ. թ. ա. I դարից Կիլիկիայում ասորիների, հրեաների, հույների հետ միասին մեծ թվով հայեր են ապրել: IV դարի պատմիչ Ամմիանոս Մարկեղինոսը հաղորդում է, որ Իսոսի կամ Ալեքսանդրետի ծոցը կոչվում էր Հայոց ծոց:
X դարում երկրամասում հայ բնակչությունն այնքան է ստվարացել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունին (973–992 թթ.), նրանց բյուզանդական եկեղեցու ոտնձգություններից զերծ պահելու նպատակով, Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Հայերի համար Կիլիկիայում բարենպաստ պայմաններ են ստեղծվել, երբ Բյուզանդիան 1071 թ-ի Մանազկերտի ճակատամարտում պարտություն է կրել սելջուկ-թյուրքերից: Ստեղծվել են հայկական իշխանություններ (Փիլարտոս Վարաժնունու, Գող Վասիլի, Լամբրոնի և այլն), որոնք XI դարի վերջին – XII դարի սկզբին կործանվել են:
Կիլիկյան Հայաստանը Մեծ իշխանապետության ժամանակաշրջանում
Իշխանապետության հիմնադիր-իշխանը Ռուբեն Ա-ն (1080–95 թթ.) է: Նրա անունով իշխանապետությունը պատմագիտության մեջ կոչվում է Ռուբինյանների:
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից (1045 թ.) մի քանի տասնամյակ անց Բագրատունի վերջին թագակիր Գագիկ Բ-ի (1042–45 թթ.) թիկնապահ Ռուբեն իշխանը հայոց նոր պետականություն ստեղծեց Կիլիկիայում: Տեղի հայերի աջակցությամբ տիրանալով Լեռնային Կիլիկիայի Բարձրբերդ, Կոպիտառ ու Կոռոմոզոլ (Կոլիմոզոլ) բերդերին՝ նա 1080 թ-ին թոթափեց Բյուզանդիայի գերիշխանությունը և հիմնեց անկախ ու ընդարձակ իշխանություն: Ռուբենի ավագ որդի Կոստանդին Ա-ն (1095– 1100 թթ.) սելջուկյան թյուրքերից և բյուզանդացիներից ազատագրեց մի շարք հայաբնակ գավառներ, քաղաքներ ու բերդեր: 1098 թ-ին գրավեց ռազմավարական կարևոր նշանակության Վահկա բերդը և դարձրեց իշխանանիստ կենտրոն:
Թորոս Ա իշխանը (1100–29 թթ.), շարունակելով հոր՝ Կոստանդին Ա-ի` պետության սահմաններն ընդարձակելու քաղաքականությունը, 1104 թ-ին, պարտության մատնելով բյուզանդական զորքերին, ազատագրեց Սիս, Անարզաբա քաղաքները, իր իշխանությանը միացրեց Դաշտային Կիլիկիայի զգալի մասը: 1107 թ-ին Թորոս Ա-ի և Գող Վասիլի զորքերը Բերդուսի մատույցներում ջախջախեցին Կիլիկիա ներխուժած սելջուկներին: Թորոս Ա-ն Սիս քաղաքի մոտ հիմնեց Դրազարկի և Մաշկևորի հռչակավոր վանքերը, որոնք վերածվեցին կրթության և գրչության կենտրոնների: Դրազարկն այնուհետև դարձավ նաև Ռուբինյանների տոհմական դամբարանը:
Թորոս Ա-ի եղբորը՝ Լևոն Ա-ին (1129–37 թթ.), հաջողվեց գահակալման սկզբին անխախտ պահել երկրի սահմանները: 1132 թ-ին բյուզանդական տիրապետությունից ազատագրեց Մամեստիա, Ադանա, Տարսոն քաղաքները և ծովեզրյա հայաշատ գավառները: 1135–36 թթ-ին, կռվելով Անտիոքի դքսության ու Երուսաղեմի թագավորության դեմ, հաջողությամբ ազատագրեց Կիլիկիայի հարավարևելյան հայաբնակ շրջանները:
1137 թ-ին Բյուզանդիայի Հովհաննես Կոմնենոս կայսրը Միջերկրական ծովով ներխուժեց Կիլիկիա, գրավեց ողջ Կիլիկիան և գերեվարեց Լևոն Ա-ին ու նրա 2 որդիներին: 1143 թ-ին Լևոն Ա-ի որդի Թորոս Բ իշխանը (1145–69 թթ.) կարողացավ փախչել գերությունից և, եղբայրների՝ Ստեփանեի ու Մլեհի օգնությամբ համախմբելով հայկական ուժերը, ազատագրեց երկիրը բյուզանդական և սելջուկ-թյուրքական զավթիչներից, վերականգնեց 1137 թ-ից ընդհատված Հայոց պետականությունը:
1152 թ-ին վերստին Կիլիկիա ներխուժեցին բյուզանդական զորքերը՝ Անդրանիկոս Կոմնենոսի հրամանատարությամբ: Հայկական բանակը հանկարծակի գրոհով ջախջախեց թշնամուն: Լքելով բանակը՝ Կոմնենոսն ապաստանեց Անտիոքի դքսի մոտ: Բյուզանդական զորքերի հետագա արշավանքները ձախողվեցին, և կայսրը ստիպված եղավ Թորոս Բ-ին պատվել Պան Սեբաստոս բարձրագույն տիտղոսով և հաշտություն կնքել նրա հետ:
Իշխանության սահմանները պաշտպանելու համար Թորոս Բ-ն պահում էր 30-հզ-անոց բանակ: Նրա գործունեությունը նշանավորվեց Կիլիկիայի հայկական հողերի միավորման և պետականության ամրապնդման հետևողական քաղաքականությամբ:
Թորոս Բ-ին հաջորդած Մլեհ իշխանը (1169–75 թթ.) բյուզանդացիներից և խաչակիրներից ազատագրեց երկրի ծովեզրյա շրջաններն ու Տարսոն, Ադանա, Պոմպեապոլիս քաղաքները: 1173 թ-ին պետության մայրաքաղաքը Վահկայից տեղափոխեց Սիս (հնում՝ Փլավիոպոլիս), որը դարձավ Կիլիկյան Հայաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային գլխավոր կենտրոնը: Դավադրության զոհ դարձած Մլեհին հաջորդեց նրա եղբայր Ստեփանեի ավագ որդին՝ Ռուբեն Գ իշխանը (1175–81 թթ.): Վերջինիս գահակից եղբայր Լևոնը 1180-ական թվականներին օտարազգիներից մաքրեց ծովեզերքը՝ Ալեքսանդրետից Սելևկիա, որը կարևոր նշանակություն ունեցավ երկրի տնտեսական և քաղաքական զարգացման համար:
Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Ռուբեն Գ-ն, փորձելով սանձել անջատամետ որոշ իշխանների, 1182 թ-ին պաշարեց Լամբրոնը՝ Հեթումյան հզոր իշխանության կենտրոնը, սակայն գրավել չկարողացավ: Կենտրոնական իշխանության դեմ պայքարում Հեթումյաններն օգնություն խնդրեցին Անտիոքի դուքս Բոհեմունդից: 1185 թ-ին վերջինս խաբեությամբ Ռուբեն Գ-ին հրավիրեց Անտիոք և ձերբակալեց: Լևոն Բ-ի ջանքերով գերեդարձ Ռուբեն Գ-ն 1187 թ-ին իշխանությունը կամովին հանձնեց նրան:
Լևոն Բ-ի իշխանապետության տարիներին (1187–98 թթ.) պետությունը հզորացել է, բարձրացել է նրա միջազգային հեղինակությունը, և նախադրյալներ են ստեղծվել թագավորություն հիմնադրելու համար:
Կիլիկիան թագավորության ժամանակաշրջանում
Թագավորության և Ռուբինյան արքայատան հիմնադիրը Լևոն Բ Մեծագործն է (1198–1219 թթ.): 1196 թ-ին խաչակրաց նոր արշավանքի ժամանակ Գերմանիայի զորքերի առաջնորդ Լյուբեցկի Կոնրադ արքեպիսկոպոս ծիրանավորը Հայնրիխ VI կայսեր հանձնարարությամբ Լևոն Բ-ին օծել է Հայոց թագավոր: Լևոն Բ-ի թագադրումը (1198 թ.) դիտվել է որպես քաղաքական մեծ իրադարձություն՝ Հայոց կործանված թագավորության վերականգնում: Նրա օրոք թագավորության սահմանները տարածվել են Սելևկիայից մինչև Անտիոք, Միջերկրական ծովեզերքից հասել Տավրոսի ու Անտիտավրոսի լեռները: Բուն Կիլիկիայից բացի՝ թագավորության մեջ մտել են Պամփիլիան, Իսավրիան, Լիկանիան, Կադառնիան ու Գերմանիկեն:
Լևոն Բ-ն Հայոց գահաժառանգ է հռչակել իր մանկահասակ դուստր Զաբելին (Հայոց թագուհի՝ 1219–22 թթ-ին), իսկ մահից առաջ պետության խնամակալներ է կարգել Կոստանդին սպարապետին, Գաստոնի տեր Ադանին և Հովհաննես Զ Սսեցի կաթողիկոսին: 1222 թ-ին Զաբելին ամուսնացրել են Անտիոքի դուքս Բոհեմունդի 16-ամյա որդի Ֆիլիպի հետ և նրան հանձնել գահը, պայմանով, որ հարգի հայ իշխանների իրավունքները, հայոց հավատն ու սովորույթները: Սակայն Ֆիլիպը հոր սադրանքով չի կատարել խոստումը, որի համար Կոստանդինը 1225 թ-ին ձերբակալել և մահապատժի է ենթարկել նրան: Իշխանությունն իր ձեռքում կենտրոնացրած Կոստանդինը 1226 թ-ին ավելի քան 60 իշխանների հետ գումարել է խորհրդակցություն, որոշել իր 13-ամյա որդի Հեթումին պսակել Զաբելի հետ և հռչակել Հայոց թագավոր: Մինչև որդու չափահաս դառնալը ինքն է վարել երկրի գործերը, եղել թագավորության խնամակալ:
Հեթում Ա-ն (1226–69 թթ.) դարձավ նոր արքայատոհմի` Հեթումյանների հիմնադիրը: Նրա գահակալման ժամանակ մոնղոլ-թաթարները սկսել են սպառնալ Կիլիկիայի թագավորությանը:
1254 թ-ին Հեթում Ա-ն մեկնել է Կարակորում՝ մոնղոլների մայրաքաղաքը, արքունիքի հետ փոխօգնության պայմանագիր կնքել, որն ամրապնդել է Կիլիկիայի միջազգային հեղինակությունը:
1256–62 թթ-ին Իկոնիայի սուլթանությունից ազատագրվել են Հերակլեա և Մանիոն սահմանային բերդերը, Կապադովկիայի հարավային շրջանները, ինչպես նաև Մարաշ, Այնթապ, Բեհեստ քաղաքներն ու դրանց շրջակայքը:
Նոր վերելք ապրող Եգիպտոսի սուլթանությունը 1266 թ-ին մեծ ուժերով ներխուժել է Կիլիկիա. Մառիի ճակատամարտում հայկական զորամասի պարտությունից հետո թշնամին գրավել ու կողոպտել է Սիսը և այլ քաղաքներ, գերեվարել բազմահազար հայերի: Հեթում Ա-ն, որոշ բերդեր զիջելով Եգիպտոսի սուլթանությանը, 1268 թ-ի հուլիսին հաշտություն է կնքել և գերությունից ազատել գահաժառանգ Լևոնին: 1269 թ-ին Տարսոն քաղաքում Լևոն Գ-ին օծելով թագավոր (1269–89 թթ.)՝ ծերացած Հեթումը մտել է Դրազարկի վանքը:
Լևոն Գ-ի գահակալման սկզբնական տարիներին հայոց թագավորությանն արևելքից սպառնացել է Եգիպտոսի սուլթանությունը, հյուսիսից՝ Իկոնիայի թյուրքերը, երկրի ներսում սրվել են ավատատիրական երկպառակությունները: 1275 թ-ին Եգիպտոսի սուլթանության զորքերը ներխուժել են Կիլիկիա, ավերել ու կողոպտել են մի շարք բնակավայրեր: Սակայն Սիս քաղաքի մոտ հայկական բանակը Սմբատ Սպարապետի գլխավորությամբ ջախջախել է թշնամուն և ազատագրել երկիրը: Ապա Լևոն Գ-ն հաղթել է Իկոնիայի սուլթանին և թաթար-մոնղոլական օժանդակ ուժերով արշավել Ասորիք: Փոփոխակի հաջողություններով կռիվները շարունակվել են շուրջ 1 տասնամյակ: 1285 թ-ին Լևոն Գ-ն և Եգիպտոսի սուլթանը ստորագրել են 10-ամյա հաշտության պայմանագիր: 1271 թ-ին վերանորոգվել են վենետիկցիների, 1288 թ-ին՝ ջենովացիների հետ կնքված առևտրական պայմանագրերը, հատել են ոսկե, արծաթե և պղնձե դրամներ: Լևոն Գ-ի հովանավորությանն են արժանացել հայ մշակույթի նշանավոր գործիչներ Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը, Հովհաննես Երզնկացին, Վահրամ Րաբունին և ուրիշներ:
Լևոն Գ-ին հաջորդած Հեթում Բ թագավորը (1289–1303 թթ.), հիասթափվելով թուլացած և մահմեդականացած մոնղոլների հետ դաշինքից, դիմել է Հռոմի պապի և Արևմուտքի պետությունների օգնությանը՝ ավելի սրելով մահմեդական հարևանների թշնամանքը: 1292 թ-ին եգիպտական զորքերը գրավել են Հռոմկլան և գերել Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին: Նոր կաթողիկոս Գրիգոր Է Անավարզեցին (1293–1307 թթ.) հարկադրված էր աթոռը տեղափոխել Սիս: Դժգոհ Հեթում Բ-ի ապաշնորհ քաղաքականությունից՝ նրա եղբայր Սմբատը գրավել է գահը և բանտարկել Հեթումին: Իսկ 1288 թ-ին գահը նրանից խլել է մյուս եղբայրը՝ Կոստանդինը: Օգտվելով երկրում բռնկած գահակալական կռիվներից՝ նույն թվականի գարնանը Եգիպտոսի սուլթանության և հարևան ամիրությունների զորքերն ավերել ու կողոպտել են երկրի արևելյան շրջանները, նվաճել Ջահան գետից հարավ ընկած հողերը՝ Հումուս, Թիլ, Համդուն, Կվայրան, Նողայր, Մարաշ և այլ բերդաքաղաքներ: 1299 թ-ին վերստին գահ բարձրացած Հեթում Բ-ն մոնղոլների օգնությամբ վերագրավել է դրանք:
1301 թ-ին Հեթում Բ-ն թագավոր է օծել մանկահասակ եղբորորդուն՝ Լևոն Դ-ին (1301–08 թթ.), դարձել նրա խնամակալը՝ «թագավորահայրը», և շարունակել լատինամետ քաղաքականությունը: Արևմուտքի պետություններն օգնության փոխարեն պահանջել են, որ Հայ առաքելական եկեղեցին ընդունի կաթոլիկություն և ենթարկվի Հռոմի պապին: 1307 թ-ին մայրաքաղաք Սսի Սբ Սոփիա մայր տաճարում Լևոն Դ-ն քննել է կաթոլիկ եկեղեցուն միանալու առաջարկը: Թեև արքունիքի ճնշմամբ ժողովն ընդունել է եկեղեցիների միավորման պահանջը, սակայն ժողովուրդը մերժել է այն և պայքարել լատինասեր հոսանքի՝ ունիթորների դեմ, որի հետևանքով խախտվել է երկրի հասարակական-քաղաքական միասնությունը:
Լևոն Դ-ի քայլը դիտելով որպես խաչակիրներին Արևելք հրավիրելու նոր փորձ՝ մոնղոլ զորավար Փիլարղուն Անարզաբա քաղաքում դավադրաբար սպանել է թագավորին և նրան ուղեկցող 40 հայ իշխաններին: Հայկական զորքերը` Հեթում Բ-ի եղբայրներ Օշինի և Ալինախի գլխավորությամբ, սպանել են Փիլարղուին ու ոչնչացրել նրա ջոկատը, որով փաստորեն վերջ է դրվել հայ-մոնղոլական զինակցությանը: Լևոն Դ-ին հաջորդած Օշին Ա-ն (1308–20 թթ.) Հռոմի պապի պահանջով 1309 թ-ին հրավիրել է նոր ժողով՝ Սսի ժողովի որոշումները վերաքննելու և կենսագործելու հորդորով: Հանդիպելով ազգային ուժերի համառ դիմադրությանը՝ Օշին Ա-ն առժամանակ դադարեցրել է կրոնական վեճերը: 1316 թ-ին Ադանայում գումարված նոր ժողովում կաթոլիկ եկեղեցուն միանալու որոշումը կրկին չի իրականացվել ժողովրդի դիմակայության շնորհիվ: 1318 թ-ին Եգիպտոսի մամլուքներն ու Իկոնիայի թուրքմեն կարամանները ներխուժել են Կիլիկիա և ասպատակել Տարսոնի շրջակայքը: Հայկական զորքերը՝ Կոռիկոսի տեր Օշին պայլի առաջնորդությամբ, զգալի կորուստների գնով հետ են մղել թշնամուն:
Օշին Ա-ին հաջորդել է նրա 10-ամյա որդի Լևոն Ե-ն (1320–42 թթ.): Սկզբում երկիրը կառավարել են նրա խնամակալ իշխանները, հատկապես Կոռիկոս բերդի տեր Օշին Ա-ն, որը ճնշել է ունիթորների խռովությունը, կանխել Եգիպտոսի սուլթանության և թուրքմեն կարամանների առաջխաղացումը, դրացիների հետ վարել է խաղաղ գոյակցության քաղաքականություն:
Սակայն չափահաս դառնալուց հետո Լևոն Ե-ն խաչակրաց նոր արշավանքի հորդորով դիմել է եվրոպացիներին: Եգիպտոսի սուլթանության և Հալեպի ամիրի զորքերը 1335 և 1336 թթ-ին վերստին ասպատակել են Կիլիկիան: 1337 թ-ին Լևոն Ե-ն ծանր պայմաններով հաշտություն է կնքել, որով երկրի հարավարևելյան շրջանները (Սև լեռներից մինչև Ջահան գետ) և Այաս նավահանգստային քաղաքն անցել են Եգիպտոսին, իսկ ինքը պարտավորվել է չդաշնակցել Արևմուտքի պետությունների հետ:
Լևոն Ե-ի մահով (1342 թ.) ընդհատվել է Ռուբինյան-Հեթումյան տոհմի արական ճյուղը: Ունիթորները հայոց գահը հանձնել են Կիպրոսի Լուսինյանների արքայատան ներկայացուցիչ Գվիդոնին (Կի), որը 1310 թ-ին հոր՝ Ամորի Բ-ի դավադիր սպանությունից հետո 4 եղբայրների և մոր՝ Զաբելի (Լևոն Գ Հեթումյանի դուստրը) հետ փախել էր Կիլիկիա և ապրել Լևոն Ե-ի արքունիքում:
1343 թ-ին Գվիդոնը 300 ֆրանկ զինվորների ուղեկցությամբ վերադարձել է Կիլիկիա և հայկական ծեսով օծվել Հայոց թագավոր՝ Կոստանդին Գ անունով: Նրա լատինամետ քաղաքականությունը բորբոքել է ժողովրդի դժգոհությունը: 1344 թ-ին հայրենասեր ուժերը` իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ, ապստամբել և Ադանայում սրատել են Կոստանդին Գ-ին ու նրա ֆրանկ պալատականներին: Իշխանների խորհուրդը թագավոր է ընտրել Հեթումյանների ազգական, Նղրի տեր մեծ մարաջախտ Բաղդինի որդի Կոստանդին Դ-ին (1345–63 թթ.): Մահմեդական ամիրությունների հարձակումները պարբերաբար կրկնվել են 1340–50-ական թվականներին: 1360 թ-ին մամլուքները նվաճել են Դաշտային Կիլիկիան՝ Տարսոն և Ադանա քաղաքներով: 1369 թ-ին Եգիպտոսի 60-հզ-անոց բանակը պաշարել է Սիսը, սակայն, չկարողանալով գրավել միջնաբերդը, նահանջել է:
1373 թ-ին ունիթորները դավադրաբար սպանել են Կոստանդին Ե թագավորին և գահը հանձնել Ջիվան Լուսինյանի որդի Լևոն Զ-ին, որն իր լատինամետ քաղաքականությամբ հարուցել էր հայերի և շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը: Եգիպտոսի սուլթան Մելիք-Աշրաֆի զորքերը ներխուժել են Կիլիկիա և 1375 թ-ի հունվարի 5-ին պաշարել Սիսը: Փետրվարի 24-ին նրանց միացել են Հալեպի ամիրության զորքերը: Հայկական սակավաթիվ ուժերը, ամրանալով Սսի միջնաբերդում, շուրջ 3 ամիս հերոսաբար դիմադրել են թշնամուն: Ապրիլի 22-ին Լևոն Զ-ն հաշտություն է խնդրել և, իր անձի ապահովության երաշխիք ստանալով, բերդը հանձնել թշնամուն:
Սսի անկումը հայ պատմիչները գնահատել են որպես հայոց պետականության կործանում: Ներքին երկպառակությունները և արտաքին հարձակումներն ի վերջո հանգեցրին Կիլիկիայի հայկական պետության կործանմանը: Լևոն Զ-ն իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվել է Կահիրե: 1382 թ-ի սեպտեմբերին թագավորն ազատվել է գերությունից և մեկնել Եվրոպա:
Կիլիկյան Հայաստանի պետական կարգը, գիտությունը,
գրականությունը և մշակույթը
Կիլիկյան Հայաստանն ավատատիրական միապետություն էր: Պետական կարգը գերազանցապես ձևավորվել է ավատատիրական Հայաստանի ավանդույթների հիման վրա՝ Մերձավոր Արևելքում հաստատված խաչակիր ասպետների իշխանությունների և եվրոպական պետությունների կառավարող մարմինների ազդեցությամբ: Թագավորը՝ որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Նա իր մշտական դեսպաններն է ունեցել Հռոմում, Նեապոլում, Կոստանդնուպոլսում, Ֆրանսիայում, Անգլիայում, Եգիպտոսում, Մոնղոլիայում և այլուր:
Թագավորությունը կառավարվում էր արքունիքի գործակալությունների և Վերին ատյանի միջոցով: Ատյանի նիստերին մասնակցում էին խոշոր իշխանները՝ բերդատեր պարոնները: Վերին ատյանը խորհրդատուի իրավասություն ուներ, նիստերը վարում էր թագավորը:
Պետության ազդեցիկ գործակալություններից էր պայլությունը կամ խնամակալությունը: Պայլը թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակն էր, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա խնամակալն ու պետության կառավարիչը: Նա պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ: Սպարապետության գործակալը՝ սպարապետը կամ գունդստաբլը, ռազմական ուժերի հրամանատարն էր, թագավորի առաջին տեղակալը. գլխավորել է ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորումները: Բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը կոչվել է մարաջախտ: Արքունի դպրապետության (քարտուղարություն) գործակալը՝ ջանցլերը (կանցլեր) կամ ատենադպիրը, վարել է արտաքին գործերը, կազմել և թագավորի հետ ստորագրել է պետական հրովարտակները, շնորհագրերը: Նա է պահել պետական կնիքը, ղեկավարել դիվանագիտական հարաբերությունները, թագավորի անունից բանակցություններ վարել օտարերկրյա պետությունների հետ: Այդ պաշտոնը սովորաբար վարել է Սսի ընտրված արքեպիսկոպոսը, երբեմն՝ օտար լեզուների գիտակ, տաղանդավոր անձ (օրինակ՝ Վահրամ Րաբունի վարդապետը):
Սեղանապետության գործակալը ղեկավարել է արքունի տան եկամուտներն ու ծախսերը, պալատի տնտեսությունը, համարվել թագավորի խորհրդական և «հավատարիմն տանն արքայի»: Մաքսապետության գործակալը ղեկավարել է պետական եկամուտները, մաքսային ու տուրքային գործերը, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան են ենթարկվել քաղաքների, նավահանգիստների ու մաքսատների վերակացուները և մյուս պաշտոնյաները: Արքունիքում գործել են նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ իշխանաց իշխանը, թագադիր իշխանը, սուրհանդակապետը (պետական փոստի գործակալ) և այլն: Մեծ հեղինակություն է վայելել տիկնանց տիկինը՝ թագուհին: Նա մասնակցել է արքունի և իշխանական խորհրդի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղացել հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքում:
Կիլիկիայում առաջընթաց է ապրել հայ պատմագիտությունը: XIII դարից պատմագրությամբ զբաղվել են նաև աշխարհիկ պետական գործիչները՝ Սմբատ Սպարապետը, Հեթում Բ թագավորը, Հեթում Պատմիչը և ուրիշներ:
Սմբատ Սպարապետի (Գունդստաբլ) «Տարեգիրքն» ընդգրկում է 952–1272 թթ-ի պատմությունը: Նախորդ ժամանակաշրջանի պատմությունը նա շարադրել է գլխավորապես Մատթեոս Ուռհայեցու, Միքայել Ասորու, Գուլիելմոս Տյուրոսացու տեղեկությունների հիման վրա: Իսկ իր սպարապետության ժամանակաշրջանը (1226–76 թթ.) շարադրել է որպես պատմական դեպքերին ու իրադարձություններին մասնակից և ականատես:
Կոռիկոսի բերդատեր իշխան Հեթում Պատմիչը XIII դարի վերջին եղել է Հեթում Բ թագավորի դեսպանը մոնղոլական իշխանության արքունիքում և, որպես հայկական զորքերի հրամանատար, հայ-մոնղոլական բանակում մասնակցել է Եգիպիոսի ու Իկոնիայի սուլթանությունների դեմ պատերազմներին:
Հեթումի գրչին է պատկանում նաև մի ժամանակագրություն, որն սկսվում է վերջին հայ Բագրատունի թագավոր Գագիկ Բ-ի սպանության թվականից (1079 թ.) և ավարտվում Հեթում Բ-ի, նրա որդի Լևոն Դ-ի ու բազմաթիվ հայ իշխանների եղերական կոտորածով (1307 թ.):
Լևոն Զ Լուսինյանի քարտուղար և խոստովանահայր Հովհաննես Դարդելն իր «Ժամանակագրություն Հայոց» երկը գրել է Լևոն Զ-ի թելադրությամբ. ընդարձակ շարադրել Է Կիլիկյան Հայաստանի պատմությունը, համառոտակի տեղեկություններ հաղորդել Հայաստանում քրիստոնեական դարձի և «Դաշանց թղթի» հաստատման ու հայ Բագրատունիների անկման մասին: XI–XIII դարերի Կիլիկիայի քաղաքական իրադարձություններին իրենց երկերում անդրադարձել են Մատթեոս Ուռհայեցին, Գրիգոր Երեց Քեսունեցին, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին, Վարդան Արևելցին, Մաղաքիա Աբեղան և ուրիշներ:
Կիլիկիայում հասարակական-քաղաքական հարաբերությունները կարգավորելիս սկզբնական շրջանում առաջնորդվել են «Կանոնագիրք Հայոց»-ով և ժողովների կանոնական որոշումներով: XII դարի վերջին Ներսես Լամբրոնացին, պակասը որոշ չափով լրացնելու համար, թարգմանել է բյուզանդական «Զինվորական օրենքները», իսկ XIII դարի կեսին Սմբատ Սպարապետը՝ «Անտիոքի ասիզները»: Սակայն այդ օրենքները հայերի համար օտար էին, ուստի Սմբատ Սպարապետը, օգտագործելով հայ միջնադարյան իրավագիտության նվաճումները, 1265 թ-ին կազմել է «Դատաստանագիրքը»` ազգային օրենսգիրքը:
XII–XIV դարերում Կիլիկյան Հայաստանում նորովի դրսևորվեցին հայ գրական ավանդույթները, արմատավորվեցին ու զարգացան գրական նոր ժանրեր: Առանձնահատուկ տեղ ունի Ներսես Շնորհալու (Ներսես Դ Կլայեցի Ամենայն հայոց կաթողիկոս, XII դար) ստեղծագործությունը: Բարսեղ Քեսունեցին (XII դար) հայտնի է Մարաշի և Քեսունի լատին իշխան Պաղտուինի հիշատակին նվիրված վարքավկայաբանական մի գրվածքով, որը վարքի, վկայաբանության, աղոթքի, խոստովանության, քրիստոնեական քարոզի տարրերից հյուսված ինքնատիպ երկ է: Նշանավոր դեմքերից են առակագիր Վարդան Այգեկցին, բանաստեղծ, մատենագիր Գրիգոր Սկևռացին, Գևորգ Սկևռացին (XIII դար, Գրիգոր Սկևռացու քեռորդին ու աշակերտը, գրել է մեկնություններ, ներբողներ, խրատներ, գանձեր, տաղեր), պատմիչ, աշխարհագետ Վարդան Արևելցին (XIII դար) և ուրիշներ:
Կիլիկյան Հայաստանի գեղարվեստական ժառանգությունը հիմնականում ներկայացված է մանրանկարչությամբ, որմնանկարչությամբ ու քանդակագործությամբ, իսկ կիրառական արվեստը՝ ոսկերչության և արծաթագործության նմուշներով: Հռչակավոր է Կիլիկիայի մանրանկարչության դպրոցը, որի նշանավոր ներկայացուցիչներից են Սարգիս Պիծակը և Թորոս Ռոսլինը: Վերջինս ձեռագրեր է նկարազարդել նաև հայոց կաթողիկոսի և Հեթումյան թագավորների համար:
Կիլիկյան Հայաստանի ճարտարապետությունը շարունակել է հայոց շինարարական ավանդույթները: Երկրի բնաշխարհը, աշխարհագրական դիրքը և զարգացման յուրահատուկ պայմանները մեծապես նպաստել են քաղաքների ու հատկապես բերդերի շինարարությանը:
Կիլիկիայում զարգացում են ապրել նաև բժշկագիտությունն ու առողջապահական համակարգը: Այնտեղ են գործել նշանավոր բժշկապետներ Մխիթար Հերացին, Գրիգորիսը և ուրիշներ:
XI–XIV դարերի Կիլիկիայի մշակույթը զարգացել է բուն Հայաստանի հետ փոխադարձ ու սերտ կապերի մեջ, հայ բազմադարյան մշակույթի ավանդույթների հիման վրա։

Оставьте комментарий