Սմբատ 1 , Աշոտ Երկաթ

Աշոտ Բ Երկաթ (881-884 – 929), Հայոց թագավոր 914 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժեց Հայաստան, Աշոտ Բ մեկնեց Բյուզանդիա, բանակցեց Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ։ Բյուզանդիան նրան ճանաչեց Հայոց թագավոր և տվեց օգնական զորք։ Աշոտ Բ ծավալեց իր պայքարը բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ Բ-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվեց որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ Բ-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Հովհաննես Դրասխանակերտցի կաթողիկոսը փորձ արեց հաշտեցնել նրանց։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացավ Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չդադարեցրեց պայքարը։ Աշոտ Բ-ի դեմ դուրս եկան նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը։ Ապստամբեց նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ Բ գերի վերցրեց Սահակ Սևադային ու նրա որդուն և կուրացնել տվեց նրանց։ Նա հարկադրված եղավ պայքարել նաև Ուտիք նահանգի ապստամբ իշխան Ցլիկ Ամրամի և վրաց Գուրգեն իշխանի դեմ։ Աշոտ Բ ստիպված էր քաշվել Սևանա կղզին և այնտեղից կազմակերպել պայքարը։ Սևանի ճակատամարտում նրան հաջողվեց պարտության մատնել Յուսուֆ ամիրայի Բեշիր զորապետին։ Այնուհետև հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնեց Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ Բ-ին շնորհվեց «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս մղվեց ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ Բ ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել են և հետ շպրտել բյուզանդական զորքերին։

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850, Բագրատունիների թագավորություն914, Երնջակ բերդ, Բագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։

Սմբատը, շարունակելով հոր գործը, 893 թվականին պայմանագիր է կնքում Բյուզանդիայի հետ, որտեղ թագավորում էր Լևոն Զ-ն՝ Հայկական (մակեդոնական) արքայատոհմից։ Այն իրենից ներկայացնում է առևտրային պայմանագիր, որը կարևոր էր Բագրատունյաց Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Միևնույն ժամանակ այն նաև դաշնակցային և բարեկամական պայմանագիր էր։ Այդ ժամանակ Հայաստանում ոստիկան էր նշանակված Ատրպատականի Սաջյան ամիրայության գահակալ Աֆշինը, որը չէր կարողանում համակերպվել հայ-բյուզանդական այսօրինակ մերձեցման հետ և իր զորքով ներխուժում է Հայաստան։ Սակայն Սմբատ Ա-ն կարողանում դիվանագիտական ուղիներով լուծել այս հարցը և Աֆշինը վերադառնում է Ատրպատական։

894 թվականին տեղի է ունենում սարսափելի բնական աղետ՝ երկրաշարժ, որի պատճառով Դվին մայրաքաղաքը դառնում է կիսավեր և անպաշտպան։ Երկրաշարժի պատճառով զոհվում է շուրջ 70 հազար մարդ։ Օգտվելով բարենպաստ պայմաններից՝ Աֆշինը նորից զորք է հավաքում և ներխուժում Հայաստան։ Ճակատամարտը տեղի է ունենում Արագածոտն գավառի Դողս գյուղում, որտեղ Աֆշինի զորքերը ջախջախիչ պարտության են կրում և ստիպված լինում խաղաղություն խնդրել Սմբատից։ Հայաստանում հաստատվում է կարճատև խաղաղություն, որը Սմբատն օգտագործում է կենտրոնացված պետություն հիմնելու համար։ Նա արշավանքներ է ձեռնարկում դեպի Գուգարք, որը գրավվել էր վրացիների կողմից, և վերամիավորում է այն Հայաստանին։ 899 թվականին Սմբատը թագադրում է վրաց գահերեց իշխան Ատրներսեհ Բագրատունուն որպես վրաց թագավոր։ Այս քայլով նա փորձում էր Վիրքը ենթարկել հայկական պետության շահերին։ 901 թվականին Աֆշինին փոխարինում է Յուսուֆը, որը արշավում է Հայաստան և գրավում Դվինը։ Սմբատը պաշարում է քաղաքը և հետ գրավում այն․ Յուսուֆ ամիրան ստիպված էր նահանջել Ատրպատական։ 903 թվականին աբխազները սկսում են ասպատակել Գուգարքը և Վիրքը։ Սմբատը հավաքագրում է մի ահռելի զորք և արշավում Աբխազաց թագավորություն, գրավում այն, ապա իր երկրին միացնում մի շարք աբխազական գավառներ, այդ թվում՝ Կղարջքը և Արտահանը։

Յուսուֆը, տեսնելով, որ չի կարող ռազմական ուժով հաղթել Սմբատին, դիմում է խորամանկության։ Այդ ժամանակ Արծրունիների և Սյունիների միջև առաջացել էին ներքին հակասություններ, իսկ Սմբատը խնդիրները լուծել էր ի օգուտ Սյունիների։ Գագիկ Արծրունին դժգոհ է մնում այդ որոշումից և ապստամբում է։ Յուսուֆն էլ սպասում էր այսպիսի առիթի, որպեսզի երկպառակություն մտցնի հայերի մեջ։ Նա միանգամից թագ է ուղարկում Գագիկին և նրան ճանաչում «հայոց արքա»։ Միաժամանակ՝ 909 թվականին Յուսուֆը զորքով Ատրպատականի կողմից ներխուժում է Հայաստան։ Վճռական ճակատամարտը տեղի է 910 թվականին ունենում Ձկնավաճառում, որտեղ Սմբատը պարտություն է կրում, քանի որ Սևորդյան իշխանները դավաճանում են նրան։ Այդ ժամանակ Հայաստանում գտնվող արաբ ամիրաները, որոնք մինչ այդ հարկատու էին Սմբատին, ապստամբում են։ Ապստամբում են նաև հայ անջատողական տրամադրություններ ունեցող իշխաններից շատերը։ Սմբատը պատսպարվում է Կապույտ բերդում, իսկ Յուսուֆը պաշարում է այն։ Բանակցությունների ժամանակ Յուսուֆը տալիս է անձի ապահովության խոստումներ։ Երկիրը ավերումից պաշտպանելու համար Սմբատը անձնատուր է լինում, սակայն Յուսուֆը չի պահում իր երդումը և նրան խոշտանգելով տանում է Դվին, ապա փորձում է նրանից հրաման կորզել, որ հայոց երկրի պաշտպանվող ամրությունները, բերդերը ևս անձնատուր լինեն, սակայն մերժում է ստանում։ Յուսուֆը 914 թվականին գլխատում է Սմբատին և մարմինը խաչ հանում Դվինի դարպասների վրա։

Оставьте комментарий