Հովհաննես֊Սմբատ

Հովհաննես–Սմբատ կամ Սմբատ Գ (- 1041), Բագրատունյաց Հայաստանի թագավոր՝ 1020–ից։ Գագիկ Ա–ի ավագ որդին։

1000-ին հոր հրամանով Արծրունի իշխան Ապուսահլից գրավել է Կոգովիտ և Ծաղկոտն գավառները։ Հոր մահից հետո Հովհաննես–Սմբատի կրտսեր եղբայր Աշոտ Դ գահին տիրելու նպատակով Վասպուրականի զորքի օժանդակությամբ հարձակվել է Անիի վրա։ Հայ իշխանների, կաթողիկոսի և աբխազաց ու վրաց թագավորի միջամտությամբ Հովհաննես–Սմբատի ու եղբոր միջև համաձայնություն է կայացել, և Հովհաննես–Սմբատը մնացել է Հայոց թագավոր։ Երկու եղբայրների հաշտեցմանը իր գործուն մասնակցությունն են ունեցել կաթողիկոս Պետրոս Գետադարձը և
Հովհաննես-Սմբատը ներկայանում է Վասիլ Բ կայսրին. մանրանկար Հովհաննես Սկիլիցեսի Մադրիդյան ձեռագրից
սպարապետ Վահրամ Պահլավունին։ Հովհաննես Սմբատի իրավասության տակ էին մնում Անի–Շիրակը, Այրարատը, Աշոցք և Տավուշ գավառները, Ամբերդ, Կայան, Կայծոն բերդերն իրենց շրջակայքով, իսկ թագավորության մնացած տարածքին տիրելու էր Աշոտը, որը եղբոր մահից հետո դառնալու էր «Ամենայն հայոց թագավոր»։ Գահակալական պայքարի հետագա սրման պայմաններում Աշոտը դիմում է Բյուզանդիայի Բարսեղ II կայսրին և ռազմական օգնություն ստանում նրանից ընդդեմ Հովհաննես–Սմբատի։ Բյուզանդական զորքի հարձակումը Հայաստանի վրա կանխելու նպատակով Հովհաննես–Սմբատը Բարսեղ II–ի հետ բանակցելու համար Տրապիզոն է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին։ 1022–ի հունվարին կնքված պայմանագրով, համաձայն Հովհաննես–Սմբատի թողած կտակի, նրա մահից հետո Բագրատունյաց թագավորության հողերը տրվելու էին Բարսեղ II–ին։ Պայմանագրի ելքից դժգոհ Հովհաննես–Սմբատը Պետրոս Ա Գետադարձի փոխարեն կաթողիկոս նշանակեց Սանահինի ուսուցչապետ Դիոսկորոսին, սակայն հետագայում վերականգնեց շնորհազրկված Պետրոս Ա Գետադարձի իրավունքները։ 1032–ին Հովհաննես–Սմբատը ամուսնացել է Բյուզանդիայի Ռոմանոս Արգիրոս կայսեր եղբոր դստեր հետ։ 1038-ին վերանորոգել է տվել Հոռոմոսի վանքը։ 1040-ին մասնակցել է Լոռու թագավորություն ներխուժած Դվինի ամիրա Աբուլ-Ասվարի զորքերի ջախջախմանը։ Հովհաննես-Սմբատի հանձնարարությամբ կազմվել է բժշկարան։

Оставьте комментарий